Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ավելի է ամրապնդվում անձնիշխան համակարգը, որը չի հանդուրժում որևէ այլընտրանք կամ քաղաքական այլ տեսակետ ունեցող գործչի առկայություն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Հանրային խորհրդի նախագահը հնչեցնում էր կարծիքներ, որոնք էապես տարբերվում էին կառավարության ու նրա ղեկավարի տեսակետներից, ինչն, ի դեպ, հրաժարականի տեքստում նշել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ իշխանությունը հասարակությանը բաժանելու քաղաքականություն է իրականացնում»,- նշեց քատեխնոլոգը:
Վազգեն Մանուկյանին դուր չի եկել այն հանգամանքը, որ վարչապետը չի ցանկացել իրեն հանդիպել: Դրանից հետո հանրային խորհրդի նախագահի պաշտոնում մնալն անիմաստ է, այն կառույցի նախագահի, որն ի պաշտոնե պետք է խորհուրդներ տար կառավարությանը: Արմեն Բադալյանը ենթադրում է, որ հրաժարականի վրա ազդել է նաև Մանուկյանի` «Վերնատուն» քաղաքական հարթակը ստեղծելու նախաձեռնությունը, որտեղ պետք է մեկտեղվեին մարդիկ, որոնց տեսակետները կտարբերվեին կառավարության տեսակետներից:
«Ես ապրում եմ մի երկրում, որն ավելի մոտ է 37 թվին». Փաշինյանը հետ չի զանգել Մանուկյանին
«Կարծում եմ, որ Հանրային խորհրդի նոր նախագահ կնշանակվի մի մարդ, որը կտեղավորվի անձնիշխան համակարգի կառավարման փիլիսոփայության մեջ, և այդ կառույցը, որի դերն անցյալում էլ էապես չէր կարևորվում, կդառնա վարչապետին ենթակա կառույցներից մեկը: Տեղի ունեցավ տարանջատում, որպեսզի հետագայում թյուրիմացություններ չառաջանային»,- ասաց քատեխնոլոգը:
Արմեն Բադալյանի համոզմամբ՝ սա ոչ թե երիտասարդների հաղթանակն էր հասուն քաղաքական գործչի նկատմամբ, այլ ավտորիտարիզմի հաղթանակն էր ժողովրդավարության նկատմամբ: