Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա
Արդեն 8 տարի է, ինչ Արսեն.Գ.-ն շաբաթը 3 անգամ Վայոց Ձորից գալիս է Երևան` հեմոդիալիզ ստանալու։ Երիկամային անբավարարությունն Արցախյան պատերազմից մնացած «նվերն» է։ Տղամարդու մոտ հիվանդությունը տարեցտարի է գլուխ բարձրացրել, իսկ վերջին տարիներին այն հատկապես է զգացնել տալիս իրեն։ «Հեմոդիալիզ ստանալն օգնում է, բայց ասում են` վերջնական լուծում փոխպատվաստումը կլինի։ Մյուս կողմից, նայում եմ` էնքան ջահելներ կան, որ փոխպատվաստման կարիք ունեն, որ ես չեմ էլ ուզում նրանցից առաջ ընկնել։ Չգիտեմ։ Եթե էսքան ձգել–ապրել եմ, երևի 2-3 տարի էլ կապրեմ, ու դիակային փոխպատվաստման ներդրումից հետո մեկի երիկամն ինձ կփրկի»,–ասում է տղամարդը։
Նա հումորով նշում է, թե Երևան հասնելն առանձնապես դժվար չէ` ընկերովի են գալիս, եթե բախտը բերում է։ Արսեն Գ.–ի հարևանը նույնպես երիկամային անբավարարություն ունի ու հեմոդիալիզ է ստանում։
Առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում կներդրվի դիակային փոխպատվաստման համակարգը։ Այժմ օրգանների փոխպատվաստումն (երիկամ, լյարդ) իրականացվում է միայն «Արաբկիր» ԲԿ–ում, սակայն կենդանի դոնորներից վերցված օրգաններից։ Վիճակագրությունը փաստում է` շատերը փոխպատվաստման կարիք ունեն, և միայն կենդանի դոնորներից դա անելը չի ապահովում ամբողջ պահանջարկը։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան «Արաբկիր» ԲԿ–ից հայտնել են, որ, օրինակ, ՀՀ–ում 2019–ի ընթացքում հեմոդիալիզ ստացող նոր հիվանդների թիվն ավելացել է մոտ 200-ով, սակայն իրականացվել է երիկամի փոխպատվաստման ընդամենը 16 վիրահատություն։ Այսինքն` մնացած 184–ը ստիպված մեկ շաբաթում 3 անգամ գնում են հիվանդանոց ու 3-4 ժամ արյան մաքրում իրականացնում։ Այս դեպքում, իհարկե, դիակային փոխպատվաստումը կարող է խնդրի լուծում դառնալ` փրկելով շատերի կյանքը։
Դիակային փոխպատվաստումը և քրիստոնեությունը
Դիակային փոխպատվաստման հարցում կա նաև հարցի երկրորդ կողմը` այն դեմ է քրիստոնեության գաղափարներին։
Դիակային փոխպատվաստման համար դոնորից որևէ օրգան կարելի կլինի վերցնել միայն ուղեղային մահվան դեպքում։ Ուղեղային մահ կոչվածը, սակայն, ըստ եկեղեցու տեսակետի, մարդու մահը չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ քանի դեռ մարդու սիրտն աշխատում է, և նա շնչում է, չպետք է նրան անջատել շնչառության սարքից։
«Եթե մարդուն անջատենք շնչառության սարքից, այդ դեպքում քրիստոնեական պատգամը կխախտենք, թե մարդու կյանքի վրա ոչ ոք իշխանություն չունի, բացի աստծուց։ Այսինքն` անջատելով մարդուն թթվածնի սարքից` դու որոշում ես մարդուն ընդհանրապես սպանել։ Սրան, իհարկե, քրիստանեությունը դեմ է»,–ասաց նա։
Տեր Եսային նշեց նաև, որ ստացվում է` մենք մեկին սպանում ենք մյուսի կյանքը փրկելու համար։
Ի՞նչ է ուղեղային մահը, և ինչո՞վ է այն տարբերվում կոմայից
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետը բացատրեց, որ ուղեղային մահվան ժամանակ ուղեղային հյուսվածքի բջիջներն անվերադարձ են մահանում, դրանք չեն վերականգնվում։ «Կոման ուղեղային մահը չէ. կոմայի ժամանակ լինում է գիտակցության կորուստ, բայց ոչ` ուղեղային մահ։ Օրինակ` շաքարախտից կոմայի ժամանակ, երբ համապատասխան գործողություններ կատարվեն, (ներարկում, դիաբետիկ դեղերի ընդունում) հիվանդը գիտակցության կգա ու կկարողանա նորմալ կյանքով ապրել։ Իսկ ուղեղային մահվան ժամանակ հնարավոր է մարդը շնչի, սիրտը բաբախի, բայց ոչինչ ավելի»,–ասաց նա։
Ուղեղային մահվան ժամանակ նույնպես, ըստ մասնագետի, սարքերի միջոցով հնարավոր է մարդու սիրտը երկար ժամանակ աշխատի, ինչպես կոմայի դեպքում։ Սակայն, եթե կոման վերականգնելի պրոցես է, ուղեղային մահվան դեպքում մարդը երբեք գիտակցության չի գալիս։
Դիակային փոխպատվաստումն ու ՀՀ օրենսդրությունը
Որքան էլ զարմանալի հնչի` պարզվում է` Հայաստանում կա դիակային փոխպատվաստման մասին օրենքով սահմանված դրույթ։ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռ 2002թ.–ին։ Օրենքում նշված է եղել, որ դոնոր կարող էր դառնալ նա, ով կենդանության օրոք համաձայնել էր մահից հետո իր օրգանները մեկ ուրիշին տալ։ Սակայն, ինչպես հայտնեցին ոլորտի մասնագետները, տարիներն անցել են ու նման ցանկություն հայտնող չի եղել։
2009–ին օրենքը փոխվել է ու այժմ օրենքի 7–րդ հոդվածը սահմանում է, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ անձն իր կենդանության օրոք հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես դոնոր: Իսկ նման որոշման բացակայության դեպքում մահացածի հարազատները կարող են որոշել այդ հարցը։
Օրենքի փոփոխությունը, սակայն, նույնպես որևիցե ազդեցություն չի ունեցել, և որևէ մեկի հարազատները նրա մահից հետո օրգանների փոխպատվաստման թույլտվություն չեն տվել, քանի որ չեն ստեղծվել համապատասխան պայմաններ ու կարգ։ Օրինակ` օրենքում նշված է, որ օրգանների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում պետք է նշված լինի` մարդը մերժե՞լ է մահից հետո իր օրգանները մեկ ուրիշին տալ, թե՞ ոչ։ Սակայն առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նման ռեեստր չկա։
Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարությունը, սակայն, վստահեցնում է` մտադիր է այդ ամենը կարգավորել ու նոր միայն դիակային փոխպատվաստման ծրագիրը կյանքի կոչել։ «Բացի այդ, յուրաքանչյուրն իրավունք է ունենալու հրաժարվելու մահից հետո իր օրգանները որևէ մեկին տրամադրելուց։ Այդ ամենն ամրագրված է լինելու ռեեստրում»,–հայտնեցին նախարարությունից։
Օրգանների վաճառք ու այլ մտավախություններ
Գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Հայկ Մանասյանը կարծում է, որ հասարակության մեծ մասն ուղեղի մահը չի համարում մարմնի մահ, ուստի դիակային փոխպատվաստման դեպքում կարող են այս առումով մի շարք հարցեր առաջանալ։
«Ընդհանուր առմամբ, ես կողմ եմ դիակային փոխպատվաստմանը, սակայն մինչ այդ պետք է քննարկումներ գնան, քանի որ ընկալման հարց կա։ Օրինակ, երբ վերակենդանացման բաժանմունքի առջև մեկին ասեն` ձեր հարազատին պետք է անջատենք թթվածնի սարքից ու նրա օրգանները տրամադրենք մեկ ուրիշին, քանզի նա տվել է իր համաձայնությունը, հիվանդի հարազատը պետք է պատրաստ լինեն դա լսել»,–ասաց Մանասյանը։
Հոգեբանական խնդիրներ, ըստ նրա, կարող են առաջանալ նաև դժբախտ պատահարների դեպքում, քանի որ այդ ժամանակ էլ դեպքի հանկարծակիությունից մարդը մեծ դժվարությամբ է ընդունում հարազատի մահը։
Անդրադառնալով հասարակության մեջ դիակային փոխպատվաստման շուրջ շրջանառվող մտավախություններին, թե հնարավոր է օրգանների վաճառք սկսվի` Մանասյանը նշեց, որ հանցավոր կազմակերպությունները Հայաստանում գործունեություն ծավալել չեն կարող։
«Դիակային փոխպատվաստման ներդրման դեպքում Հայաստանի համար կրիմինալ ռիսկերը բացառում եմ, ինչպես բացառում եմ Գերմանիայի և Շվեյցարիայի դեպքում։ Կա իրավական համակարգի, օրենսդրության հարց` եթե ՀՀ–ում փորձեն նման բան անել, մեծ խնդիրներ կարող են ունենալ»,–ասաց նա։
Դիակային փոխպատվաստման անհրաժեշտությունն ու հասարակության կարծիքը
Sputnik Արմենիայի թղթակիցը համաքաղաքացիներից հետաքրքրվել էր` կո՞ղմ են դիակային փոխպատվաստմանը, թե՞ ոչ։ Հարցումը ցույց է տվել, որ ոմանք նույնիսկ չեն էլ պատկերացնում` ինչ է նշանակում դիակային փոխպատվաստում։ Սակայն պարզաբանումից հետո հարցվածներից շատերն ասել են, որ կողմ են ծրագրին (տեսանյութն` այստեղ)։