ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Մել Դալուզյանի ֆիլմի ֆինանսավորման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ դրա շուրջ աղմուկ է բարձրացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ։
«Երբ իմացել եմ, ես ինքս ինձ հարց եմ տվել. ասենք` այդ ֆիլմը ֆինանսավորվում է 10 տարբեր սուբյեկտների կողմից և ակնկալվում է, որ ՀՀ կրթության նախարարությունը լինելու է այդ սուբյեկտներից մեկը, ես ինչպես կվարվեի։ Ես կառաջնորդվեի հետևյալ տրամաբանությամբ` ո՞ւմ մասին է ֆիլմը։ Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է ու ռեկորդակիր, ում ռեկորդը մինչև հիմա շարունակում է գոյություն ունենալ, և ում պատվին Հայաստանի դրոշը 3 անգամ բարձրացել է և Հայաստանի հիմնը 3 անգամ հնչել է»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց նաև, որ ֆիլմի հերոսն ունեցել է խնդիր, որը նորություն չէ ոչ միայն իրականության, այլ անգամ բանահյուսության ու ժողովրդական բժշկության մեջ։
«Մարդը, որի պատվին դրոշը 3 անգամ բարձրացվել է ու հիմնը հնչել է, ում պատվով դիմավորել ենք, դափնե պսակներ ենք շնորհել, գովել ենք, մրցանակներ ենք տվել, այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին։ Դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է, որին ժամանակակից աշխարհը լուծում է տալիս»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն անընդունելի համարեց այն վերաբերմունքը, որ մարդը հերոսացվում է, բայց երբ հայտնի է դառնում նրա խնդրի մասին, նրանից բոլորը երես են շրջում։
«Ճիշտ է, ես տեղյակ չեմ եղել, բայց ես շատ գոհ եմ, որ այդ ֆիլմը ֆինանսավորվել է, որովհետև մեր պատկերացրած Հայաստանի բարոյահոգեբանական դիմանկարն այդպիսին չէ»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։
Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին
«Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ, որն ընդհանուր արժեքի միայն 14 տոկոսն է: