ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Այս մասին նշված է արտգործնախարարության տարածած հայտարարությունում։
«Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից»,– նշում է ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը ցավակցություն ու զորակցություն է հայտնում զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին և ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն և ոգու ամրություն:
Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին։
Հիշեցնենք` երեկ Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին։ Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է մի շարք երկրներում- խմբ.) ստանձնել է Սիրիայի հյուսիս-արևելքում հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը: