ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ–ն քննարկում է նոր ձևավորվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ ԱԺ երեք խմբակցություններից բացի հանձնաժողովի անդամների իրենց թեկնածուներին են ներկայացրել նաև կառավարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը։
Ըստ ԱԺ պաշտոնական կայքում ներկայացրած նախագծերի` ՀՀ կառավարության առաջադրած թեկնածուն 28-ամյա Լիլիթ Ալեքսանյանն է` HSBC–Հայաստան բանկի բիզնես վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ։
«Իմ քայլը» իշխանական խմբակցության առաջադրած թեկնածուն 39-ամյա Էդգար Շաթիրյանն է` ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։
«Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել է 35-ամյա Նարեկ Գագիկի Համբարձումյանի թեկնածությունը, որը նույնպես իրավաբան է, մինչև 2018թ–ն աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում` կոռուպցիոն հանցագործությունների գծով քննիչ։ Իսկ 2018-ից մինչ օրս «Գլանժ–Ալկո» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրենն է։
Հաստատվեց. դատական համակարգի բարեփոխումը պետության վրա 20 մլրդ դրամ կնստի
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջադրած թեկնածուն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, իրավաբան 38-ամյա Հայկուհի Հարությունյանն է։
Իսկ Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է առաջադրել «Ջինիշյան» հիմնադրամի ֆինանսական ղեկավար Արամայիս Փաշինյանին։
Հայաստանում ի՞նչն է խանգարում կոռուպցիայի կանխարգելմանը. ԱԺ–ում փորձում են հասկանալ
Հիշեցնենք` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019թ–ին։ Նոր կառույցը կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ չի զբաղվելու, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։