ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ կիրառել նրա պաշտպանի ներկայացրած գրավի միջնորդությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը։
«Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել, և միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ։ Մենք էլ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էինք ներկայացրել։ Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը»,–ասաց նա։
Պաշտպանը հայտնեց նաև, որ 5 մլն դրամ գրավի դիմաց է Բաղդասարյանն ազատ արձակվել։ Գումարն արդեն իսկ վճարել են։
Դոն Պիպոյի գործը դատարան է ուղարկվել. ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատում է
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարել էր` Բաղդասարյանը, լինելով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիմնադրամի տնօրենի հետ, համայնքապետարանի աշխատակիցների ու համայնքի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմել ու ստորագրել է կեղծ փաստաթղթեր։ Դրանցով 2012-2014 թթ–ին հիմնադրամից հափշտակվել է 9 մլն դրամ։
Ի դեպ, Բաղդասարյանը, որը պաշտոնավարել է 2012-2018թթ.–ին, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի` «Ծաղիկ Ռուբոյի» քրոջ որդին է։