ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գորիսում է։ Նա ծանոթացավ ներդրումային ծրագրերին և քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Գորիսի քաղաքապետի գործը փակվել է. «Ժողովուրդ»
Վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որն էլ վարչապետին ներկայացրեց քաղաքում իրականացվող ծրագրերը։
Ըստ Առուշանյանի` այժմ շինարարության ոլորտում կադրերի լուրջ պակաս կա: Շինարարներն ամսական ստանում են առնվազն 170 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ Երևանում աշխատուժը մի փոքր ավելի էժան է:
«Ես անձամբ զանգահարում եմ Ռուսաստանում գտնվող մեր շինարարներին և առաջարկում եմ վերադառնալ ու այստեղ աշխատել»,-ասաց քաղաքապետը:
Առուշանյանը նաև հավելեց, որ այժմ Գորիսում կա ներդրումային բում, քանի որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները ցանկանում են հյուրանոցներ կառուցել: Դրանից բացի տարածաշրջանում աճել է սուբվենցիոն ծրագրերի ծավալը: Քաղաքապետն ասաց, որ 2018 թվականին Սյունիքի մարզում 10 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, որոնց ծավալը կազմել է 450 միլոն դրամ, իսկ այս տարի ներկայացվել է 29 ծրագրային հայտ, որից հաստատվել է 26-ը, և ծավալը կազմել է 3 մլրդ 750 միլիոն դրամ, որը Առուշանյանի խոսքով` 8 անգամ բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:
Նրանք սպասում էին այդ օրվան, կամ անկախությունը` սյունիքցիների աչքերով. լուսանկարներ
Շրջայցի ընթացքում Փաշինյանը զրուցեց շինարարների հետ, որոնցից մեկն ասաց, որ իր աշխատավարձը 250 հազար դրամ է: Սա ոգեշնչեց վարչապետին. նա նկատեց, որ քաղաքապետն այդ թվից շատ ավելի ցածր աշխատավարձ է նշել, այսինքն չի չափազանցնում թվերը: Ըստ վարչապետի` դա գովելի է: