ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր` նոյեմբեր 10-ին եղավ Գյումրիում, հանդիպեց հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ:
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն ասաց, որ ողջույններ է բերել Ֆրանցիսկոս պապից։
«Նա ինձ խնդրեց փոխանցել ձեզ, որ աղոթում է ձեզ համար, նաև ի հիշատակ ու իր շարունակություն 2016 թվականին Հայաստան կատարած իր ճամփորդության և հատկապես ի հիշատակ այն Սուրբ պատարագի, որ նա այստեղ՝ Գյումրիում մատուցեց: Սրբազան քահանայապետը ձեզանից յուրաքանչյուրին քաջալերում է մասնակցել Ավետարանի շնորհին՝ ուրախությամբ, բերկրանքի մեջ, սրտի մղումով ու Տիրոջ հանդեպ վստահությամբ, որ ապրում ենք ամեն օր»,–Հռոմի պապի ողջույնի խոսքը փոխանցեց Գալագերը` հավելելով, որ Ֆրանցիսկոս պապը խնդրել է ներկաներին ու նրանց բոլորի սիրելիներին փոխանցել իր օրհնությունը:
Նշենք, որ Գալագերը և պապական նվիրակ՝ արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրին Գյումրիում մասնակցեցին Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի մատուցած սուրբ պատարագին:
Պատարագին ներկա էին նաև հայ կաթողիկե թեմի քահանաներ, վարդապետներ:
Վերջում տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը համայնքի անունից և ի հիշատակ Գյումրի կատարած այցի, Պոլ Ռիչարդ Գալագերին խորհրդանշական սկիհ նվիրեց:
Նշենք, որ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է եկել նոյեմբերի 9-ին:
Հայաստանը երախտապարտ է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձի համար
Այցի շրջանակում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ընդունել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: