ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ–ը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` նոյեմբերի 7-ի, լույս 8-ի գիշերը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի մերձակայքում գրանցվել էր երկրաշարժ, որի զոհերի թիվը հասել է 5 հոգու: Իրանական Press TV հեռուստաընկերության տվյալներով ՝ տուժել է ավելի քան 120 մարդ:
Ուժգին երկրաշարժից հետո Հայաստանն առաջարկել է փրկարար ուժեր ուղարկել Իրան
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Այն գրանցվել է Թավրիզից 156 կմ հարավ-արևելք: Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մուհամմադ Բեյքեր Հոնարը հայտնել էր, որ աղետի գոտի է մեկնել փրկարարների ութ մարտական հաշվարկ:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդում էին չորս զոհի և 70 տուժածի մասին:
Երկրաշարժը զգացվել էր նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց Ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: