Հանրային խորհրդի դեմ ճնշումները անձամբ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ են։ Վերջին մեկ տարում Մանուկյանի դիրքորոշումները տարբերվում են Փաշինյանի դիրքորոշումներից, և դա դուր չի գալիս վարչապետին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երվանդ Բոզոյանը։
Ըստ քաղաքագետի`այն պահից սկսած, երբ այս ամենին գումարվեց մամուլում հրապարակված տեղեկությունը, որ Վազգեն Մանուկյանը ակումբ է բացում, փորձում է որոշակի ծրագրեր քննարկել, վարչապետը շրջապատը նյարդայնացավ՝մտածելով, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի կարող է քաղաքական բևեռ ձևավորվել, և վարչապետի շրջապատը փորձում էր համոզել նրան, որ բնում խեղդեն այդ պրոցեսը։ Հենց այդ պահից էլ սկսեցին հարձակումները խորհրդի դեմ։
«Վազգեն Մանուկյանը նյարդայնացնում է վարչապետի շրջապատին։ Եվ դրա համար էլ չեն թաքցնում, որ ցանկանում են ազատվել Մանուկյանից, անգամ քննարկում են` հանրային խորհուրդն իրականում պետք է, թե ոչ։ Եթե վարչապետը չփոխի իր կարծիքը, ապա Մանուկյանը պետք է հրաժարական տա»,– ասաց Բոզոյանը։
«Ինչո՞ւ ինքը նման որոշում չի կայացնում». Ալեն Սիմոնյանը` Մանուկյանի հրաժարականի մասին
Քաղաքագետի կարծիքով` առանց Մանուկյանի` խորհուրդը իշխանության համար վտանգ չի ներկայացնում. խնդիրը նրանից ազատվելն է։ Իշխանությունը ցանկանում է, որ իր շրջապատի բոլոր կառույցները մեկ ընդհանուր գիծ ունենան, տատանում չլինի։
Ըստ քաղաքագետի` խնդիրը կարող է հանգուցալուծվել Վազգեն Մանուկյանի հրաժարականով. Հանրային խորհուրդը կից կառույց է և չի կարող անընդհատ հակառակվել իշխանությանը։
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի վրա հարձակումների մասին ահազանգեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նշել էր, որ թեև հեղափոխությունների կողմնակից չէ, բայց համաձայնեց մնալ պաշտոնում՝ հուսալով, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և երկիրը գնալու է զարգացման ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց հասկացել է, որ այդպես չէ և դա ապացուցել են մեր երկրում սկսված շատ գործընթացներ՝ վեթինգ, անցումային արդարադատություն, Մարտի 1–ի դատավարության քաղաքականացում, դատավորների վրա հարձակումներ և այլն:
Մանուկյանն այս թեմաների շուրջ իր մտահոգությունները փորձել է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ երկու անգամ զանգահարել է նրան, Փաշինյանը չի պատասխանել, ոչ էլ հետ է զանգահարել: Ըստ Մանուկյանի` ինքը հասկացել է, որ վարչապետը չի ուզում խոսել հետը:
«Ես ապրում եմ մի երկրում, որն ավելի մոտ է 37 թվին». Փաշինյանը հետ չի զանգել Մանուկյանին