ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է հնչել. միջադեպը տեղի է ունեցել «Անտոշկա» արագ սննդի կետում։ Այս մասին հաղորդում է Sputnik Ղրղըզստանը։ Նախնական տվյալներով` տուժել է 13 մարդ, նրանցից երեքը երեխաներ են, տուժածներից մեկը` սրճարանի աշխատակիցը, տեղում մահացել է։
Посмотреть эту публикацию в Instagram
Տեղի ժամանակով առաջին պայթյունը որոտացել է 13:38-13:39–ին, ժամանակ անց դրան հաջորդել է ևս երկուսը։ Կրակը բռնկվել է արագ սննդի կետում, այնուհետև տարածվել հարևան սրճարան։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բժիշկները և ոստիկանության աշխատակիցները։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների երկու մարտական հաշվարկ։
Ինչպես հաղորդում է ԱԻՆ–ը, ժամը 14։08–ին հրդեհը մեկուսացվել է։ Ընթանում են կրակը վերջնականապես չեզոքացնելու աշխատանքներ։
Ինչպես պատմել է Բիշքեկի արտակարգ բժշկության կենտրոնի գլխավոր բժիշկ Իսկենդեր Շայախմետովը, տուժածների մասին ստույգ տեղեկություն չկա, քանի որ նրանց մի մասին տեղափոխել են իրենց տրանսպորտային միջոցներով։
«Տուժածների մեծամասնությանը տեղափոխել են հիվանդանոց, ևս երեքին` երրորդ մանկական հիվանդանոց», – հաղորդել է նա։
Տարածվել է պայթյուններից մեկի տեսանյութը։