ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. 2019թ.–ի 9 ամիսներին տպագրված ՀԴՄ կտրոնների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38.3 տոկոսով։
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` facebook-ի իր էջում։
Ըստ նրա` 2019թ.–ի հունվար–սեպտեմբերին 97 մլն 858 հազար 593 դրամի ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել։
«Այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որն առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է»,– գրել է Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոններ են տրամադրում և այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են:
«Նաև այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ»,–նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնել է, որ շարունակում են բազմաթիվ ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու մասին։
«ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները»,–զգուշացնում է վարչապետը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Հայաստանի տնտեսությանը նվիրված համաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա տոնակատարությունները Գյումրիում անցկացնելուց հետո, քաղաքում ընդամենը 10 մլն դրամի ՀԴՄ կտրոն էր տպագրվել։
Դա, նրա խոսքով, նույնքան է, որքան նախորդ օրերին։
Փաշինյանի համոզմամբ` այս օրինակը վկայում է, որ կառավարության ջանքերին ընդառաջ բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում։
Ի դեպ, վարչապետի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց ՊԵԿ–ը հայտարարեց, որ Շիրակի հարկային ծառայության պետն ազատվել է պաշտոնից։