ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Թուրքերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» (արգելված է մի շարք երկրներում) կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ավագ քրոջը։ Այս մասին հայտնում է Reuters–ը` հղում անելով Թուրքիայում ունեցած աղբյուրներին և հիշեցնելով, որ ավելի վաղ չեզոքացվել էր նաև Ալ Բաղդադին։
Նշվում է, որ թուրքերը գործողությունն իրականացրել են երեկ երեկոյան Ազազ քաղաքում (Հալեպի շրջան), որը գտնվում է Թուրքիայի հսկողության տակ։
65 տարեկան Ռասմիա Ավադից (Rasmiya Awad) բացի, ձերբակալվել է նրա ամբողջ ընտանիքը` ամուսինը, հարսն ու հինգ երեխաները։ Ամուսնուն ու հարսին արդեն հարցաքննել են։
Աղբյուրի համաձայն` կնոջը կասկածում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։
«Մենք հույս ունենք, որ ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություն կստանանք կազմակերպության ներքին աշխատանքի մասին», – ասել է անանուն աղբյուրը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին տեղեկություն էր տարածվել, որ ամերիկյան զինվորականները չեզոքացրել են Բաղդադիին։
Ռուսաստանի ՊՆ-ն վստահ չէ, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին իսկապես ոչնչացվել է
Ավելի վաղ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը բացահայտել էր գործողության մանրամասները՝ հաղորդելով, որ երբ ամերիկյան զորքերը մոտեցել են Բաղդադիի տանը, սիրիական Իդլիբի Բարիշա գյուղում սկսվել է փոխհրաձգություն, որը կարճ է տևել։ Մարտի ընթացքում Բաղդադին և նրա երկու կանայք իբր պայթեցրել են իրենց` մահապարտների գոտիների օգնությամբ։