ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածի բարեկարգման ժամանակ հողաշերտի տակ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Էդուարդ Բարսեղյանը։
«Ինստիտուտն ընդլայնում է իր տարածքն ու այսօր մալուխներն էինք վերանորոգում, երբ աշխատակիցները ոսկորներ են հայտնաբերել։ Դեպքի մասին հայտնել ենք ոստիկանությանը»,–ասաց նա։
Բարսեղյանը հայտնեց, որ տեղի բնակիչներն ասում են` ժամանակին այդ տարածքում գերեզմանատներ են եղել։
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեզ հայտնեցին, որ այսօր ժամը 12։35–ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի անվտանգության աշխատակիցներն ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ։ Ոստիկանները մեկնել են դեպքի վայր։
Օձեր, չղջիկներ ու մարդկային ոսկորներ. Հայաստանում 3 նոր քարանձավ են գտել
Հայտնաբերված ոսկորներն ուղարկվել են փորձաքննության։