ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Warner Bros ընկերությունն առաջադրել է «Ջոկեր» ֆիլմը «Օսկարի» 16 անվանակարգերում։ Այս մասին հայտնում է Ամերիկյան կինոակադեմիայի պաշտոնական կայքը։
Թոդ Ֆիլիպսի ֆիլմն առաջադրվել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։
Գլխավոր դերակատար Հոակին Ֆենիքսը հավակնում է լավագույն տղամարդ դերասանի կոչմանը։ Ռոբերտ դե Նիրոյին առաջադրել են երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան անվանակարգում, իսկ դերասանուհի Զազի Նիթսին` որպես լավագույն դերասանուհի։ Ֆիլմի ռեժիսորը նույնպես առաջադրվել է «Օսկարի»։
Նշվում է նաև, որ ֆիլմը ներկայացված է տեխնիկական այնպիսի անվանակարգերում, ինչպիսին են` «Լավագույն մոնտաժ», «Լավագույն հատուկ էֆեկտներ» և այլն։
Ջոկերի պարը․ սոցցանցերի նոր ֆլեշմոբին միացել են նաև հայ աստղերը. լուսանկարներ
Անվանակարգերի հստակ քանակը հայտնի կլինի եկող տարվա հունվարի 13–ին։
«Ջոկեր» դրաման պատմում է Բեթմենի ապագա թշնամու և Գոտեմ քաղաքի գլխավոր չարագործի կայացման մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիլիպսը նշել էր, որ պրոտագոնիստի կերպարը քննարկում էին շուրջ կես տարի` նրա դերակատարի հետ ծրագրելով Ջոկերի զգեստը, սանրվածքն ու ծիծաղը։