ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի կենդանաբանական այգում շները հարձակվել ու սատկացրել են երեք կենգուրուի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։
«Այսօր առավոտյան երեք շուն հարձակվել են կենգուրուների վրա և սատկացրել նրանց։ Շները մեր տարածքի հետ որևէ կապ չունեն, նրանք թափառող շներ են»,–ասաց նա։
Ի դեպ, լուրերը, որ այգու պահակը սատկացրել է կենգուրուների վրա հարձակված շներից մեկին, այգու տնօրենն արդեն հերքել է։
«Կենդանաբանական այգու տնօրենը հարվածում է մեր երկրի վարկանիշին». Արտյոմ Վարդանյան
Հիշեցնենք, որ կենդանաբանական այգու շուրջ դեռ 2018թ.–ից սկանդալային պատմություններ են պտտվում. այս տարվա մայիս ամսին Երևանի կենդանաբանական այգում սատկել էր Բինգո անունով վագրը, որի բերանում ուռուցք էր հայտնաբերվել։ 2018թ.–ին սատկել էին այգու զեբրը, արջը, կոկորդիլոսը, բեզոարյան այծը, վագրը։