ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ռուսաստանի Դաշնության կառավարությունն առանձնացրել է այն ոլորտները, որտեղ առաջիկայում միգրանտներին կարգելվի աշխատել և այն ոլորտները, որտեղ կթույլատրվի աշխատել միայն շատ սահմանափակ թվով մարդկանց։
ՌԴ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել օրեր առաջ և ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020թ.–ի հունվարի 1-ին։ Առաջարկվող նոր քվոտաներով այլ երկրների քաղաքացիներին կարգելվի աշխատել դեղատներում, մանրածախ առևտրի կետերում և շուկաներում։ Էապես կկրճատվի նաև ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի վաճառքի, տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտներում աշխատող արտասահմանցիների թիվը։
ՌԴ կառավարության նոր որոշման մասին լուրն այդ երկրում աշխատող հայաստանցիներին առայժմ չի հասել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում ասաց Սիբիրի երկրամասում շինարարության վրա աշխատող հայերից մեկը։ Առավել անկեղծ զրույցի համար մենք խոստացանք չբացահայտել մեր զրուցակցի իրական անունը և նրան կկոչենք պայմանական «Արմեն» անունով։
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում
«Մենք նույնիսկ տեղյակ չենք, որ նման որոշում կա,– ասաց Արմենը,– բայց, եթե այն նույնիսկ մեզ առնչվի, կոնկրետ մեր շինարարությունում աշխատողներից քչերը դրանից կտուժեն։ Ու կտուժեն հիմնականում օրինական աշխատողները։ Անօրինական աշխատողներն ինչպես աշխատում են, այնպես էլ կշարունակեն աշխատել։
Արմենը պատմեց, որ իրենց բրիգադի անդամների միայն 1/3-րդն ունի աշխատանքային պայմանագիր, մնացածն աշխատում են առանց գրանցման։
«Նույնիսկ, երբ միգրացիոն ծառայությունը ստուգման է գալիս, պայմանագիր չունեցողներն արագ թաքնվում են»,– ասաց Արմենը։
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները
Ի դեպ, նշենք, որ 2020թ.–ի համար սահմանված նոր քվոտաներով շինարարության ոլորտում աշխատող միգրանտների թիվը ՌԴ կառավարությունը ևս կտրուկ նվազեցրել է։ Եթե 2019թ.–ին այդ ոլորտում աշխատելու իրավունք էր տրվել 52 075 մարդու, ապա 2020թ.–ի հունվարից` ընդամենը 29 996։
Գաղտնիք չէ, որ ՌԴ–ում աշխատող ՀՀ քաղաքացիների մեծ մասը ևս ներգրավված է շինարարական աշխատանքներում։ Հետևաբար, հարց է ծագում` ինչ ճակատագիր է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին, կամ այսպես կոչված` «խոպանչիներին»։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ՌԴ կառավարության այս որոշումը հայերի համար վտանգավոր չի համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Թադևոսյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ–ում գործում է աշխատանքի արտոնյալ ռեժիմ։
«ԵԱՏՄ անդամ դառնալով` ՀՀ–ը միացել է ԵԱՏՄ տարածքում գործող աշխատուժը կարգավորող միջպետական համաձայնագրին, որից օգտվելով, մեր քաղաքացիներն այդ քվոտավորման տակ չեն ընկնում։ Հետևաբար, այդ խստացումները մեր քաղաքացիների վրա թերևս չեն ազդի»,– ասաց Ավետիսյանը։
Տնտեսագետը նշեց, որ որոշումը տարածվում է ՌԴ–ի հետ վիզային ռեժիմ ունեցող երկրներից ժամանող աշխատողների վրա։ Մինչդեռ, ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնում են առանց վիզայի։
Փոխարենը, Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, Հայաստանն անհանգստանալու այլ առիթ ունի։ «Հայաստանից շարունակվում է աշխատանքային միգրացիան։ Սա լուրջ խնդիր է նաև ժողովրդագրական, տնտեսական զարգացման առումով։ Սա առաջին հերթին պետք է հուզի օրվա իշխանություններին, որ ձեռնարկեն այնպիսի կոնկրետ գործողություններ, որոնք կունենան իրական կարգավորման ազդեցություն, այլ ոչ թե բացասական հետևանքներ»,– ասաց Ավետիսյանը։
Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից
Ինչ վերաբերում է ՌԴ իշխանությունների սահմանած առավել խիստ քվոտաներին, տնտեսագետի դիտարկմամբ, այս քաղաքականությունը հատուկ է մեծ տնտեսություն ունեցող երկրներին։ Նման սահմանափակումների միջոցով տվյալ երկրի իշխանությունը փորձում է պաշտպանել ներքին աշխատաշուկան ու լուծել իր քաղաքացիների գործազրկության խնդիրը։
Թերևս այս է պատճառը, որ աշխատանքային միգրացիայի ծավալների մեծացման հետ Ռուսաստանը խստացնում է իր երկրում աշխատելու հնարավորությունները։
Այսպես, 2020թ–ի համար սահմանված քվոտաները Ռուսաստանում երբևէ կիրառված ամենախիստ կարգավորումներն են։ Հաջորդ տարի հունվարի 1-ից ՌԴ–ում աշխատելու իրավունք կունենա այդ երկիր վիզայով ժամանող 104 993 մարդ։ Համեմատության համար նշենք, որ 2019–ին աշխատելու իրավունք էր վերապահվել 144 583 մարդու, 2018-ին` 178 454–ի։
Ու թեև Հայաստանի տնտեսությունն անհամեմատելի է Ռուսաստանի հզոր տնտեսության հետ, բայց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, ժամանակն է, որ մեր երկրի կառավարությունն էլ մտածի աշխատանքային միգրանտների համար սահմանափակումներ սահմանելու մասին։
«Մենք տեսնում ենք, որ հատկապես շինարարության, գյուղատնտեսության ոլորտում, բանվորական մասնագիտություններով վարձու աշխատողների թիվը որոշ երկրներից նույնիսկ անզեն աչքով տեսանելի ավելանում է։ Խանութում ենք տեսնում, շինարարության մեջ, լվացման կետերում։ Իհարկե, չենք ասում, որ մեր երկիրը պետք է փակվի օտարերկրացիների դիմաց, բայց առաջնահերթ պետք է խթանել բարձր մասնագետների ներհոսքը։ Գործիքներ պետք է կիրառվեն ներքին աշխատաշուկան պաշտպանելու համար, հատկապես որ ունենք գործազրկության բարձր մակարդակ»։
Հայաստանում շատացել են աշխատանքային միգրանտները. ի՞նչն է նրանց Հայաստան բերում
Թադևոս Ավետիսյանի խոսքով` Հայաստանում այսօր գործող համակարգը կիսատ է. քվոտավորում չկա, գործում է միայն օտարերկրացու աշխատանքի թույլտվության կարգը։ Իսկ համակարգի բարեփոխումն անհայտ ժամկետով ու պատճառներով հետաձգվում է։