ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքն ու թափոնները. ՀՀ նախագահը Ճապոնիայում է
Նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտ տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ զրույցներ է ունեցել, թե ինչ կարող ենք անել միասին։ Նախագահի խոսքով՝ համագործակցության ուղղությունները շատ հստակ են՝ նորագույն տեխնոլոգիաներ, արտակարգ իրավիճակներ, առևտրական գործարքներ, սննդի արտահանում և անվտանգություն։
«Իրենցից սովորելու շատ բան ունենք պետական ծառայության ոլորտում, որովհետև այն կարգապահությունն ու նվիրվածությունը, որ այս մարդիկ ունեն, իսկապես հիացմունք է առաջացնում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։
ՀՀ նախագահը նշել է, որ մեր ազգային ամենամեծ հարստությունը մարդիկ են, և պետք է այդ ռեսուրսը լավագույնս օգտագործենք։
Մենք ունենք փայլուն անձնավորություններ, ֆանտաստիկ մարդիկ, որոնք աշխարհի տարբեր մասերում տարբեր ոլորտներում մեծ հաջողությունների են հասել, և ժամանակն է, որ օգտագործենք նրանց ներուժը»,–ասել է նախագահը։
Այնուհետև Արմեն Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։
Նախագահ Սարգսյանին հրավիրել են մասնակցելու Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը
Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը եղել է նաև Ճապոնիայի հնագույն քաղաքներից մեկում՝ Կամակուրայում, դիտել Ամիդա Մեծ Բուդդայի հսկայական բրոնզե արձանը, այցելել Hokoku-ի տաճար, որը հայտնի է իր բամբուկե անտառով, մասնակցել ճապոնական ավանդական թեյախմության արարողությանը։