ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցը` 25-ամյա Հռիփսիմե Սարգսյանը, ընթացիկ «Միսս ազգակցություն» փուլում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու արժանացել արծաթե մեդալի։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հռիփսիմեի պրոդյուսերը՝ Յանա Գրիգորյանը, որը 20 գեղեցկության միջազգային մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է։
Ի դեպ, այս տարի Հայաստանը երրորդ անգամ է մասնակցում Ֆիլիպիններում անցկացվող «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթին:
Ֆիլիպիններում ընտրեցին մոլորակի ամենագեղեցիկ աղջկան. տեսանյութ
««Միսս Ազգակցություն» (Miss Congeniality) մրցույթային փուլում 90 երկրի մասնակիցներից Հռիփսիմեն ընդգրկվեց լավագույն եռյակում և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Դրամական որևէ մրցանակ նախատեսված չէր, սակայն տիտղոսն արդեն կարևոր է»,-ասաց Յանան և հավելեց, որ դա այս մրցույթում Հայաստանի գրանցած ամենաբարձր ցուցանիշն է:
Պրոդյուսերի խոսքով՝ Հռիփսիմեն չի դիմել որևէ պլաստիկ միջամտության:
«Աշխատանքի բերումով հաճախ եմ լինում գեղեցկության մրցույթների ժյուրիի կազմում և նկատում եմ, որ շատ մասնակիցներ դիմել են պլաստիկ միջամտությունների։ Ըստ իս՝ դա ճիշտ չէ»,- ասաց Յանան:
Ովքեր են «Միսս Աշխարհ Արմենիայի» լավագույն 5-յակի գեղեցկուհիները.մանրամասներ նրանց կյանքից
Նրա խոսքով` մրցույթը դեռ շարունակվում է և հնարավոր է` Հայաստանը եզրափակչում էլ որևէ արդյունք ունենա: «Միսս Երկիր 2019»-ը տևում է 30 օր, այդ ընթացքում աղջիկները մասնակցում են մրցութային տարբեր փուլերի: Յուրաքանչյուր փուլն իրենից ներկայացնում է առանձին մրցույթ՝ իր բոլոր կանոններով ու պարտադիր դեֆիլեով։ Վերջում ընտրում են լավագույն եռյակին՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներին։
Նշենք, որ Հռիփսիմե Սարգսյանը հասցրել է 9 գեղեցկության մրցույթի մասնակցել: 2018 թվականին մասնակցել է «Միս Տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին և գրավել «Առաջին Վիցե միսս Տիեզերք-Արմենիա» տիտղոսը:
«Գեղեցկությունը՝ նպատակով». գեղեցկուհիներ Դայանան ու Լիանան մեծ ծրագրեր ունեն. տեսանյութ
«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորությամբ։ Սա գեղեցկության այն մրցույթներից է, որտեղ աղջիկներն արտաքին տվյալներից բացի պետք է կարողանան ճիշտ ներկայացնել սոցիալական մի շարք հարցեր, մասնավորապես, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բնապահպանությանն առնչվող խնդիրները։
Հիշեցնենք, որ 2015 թվականին այս մրցույթում մեր երկիրը ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը, իսկ 2018 թվականին՝ Սոնա Դանիելյանը: