ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ձյուդոիստ Արման Ադամյանը բրոնզե մեդալ է նվաճել Արաբական միացյալ էմիրություններում (ԱՄԷ) անցկացվող «Մեծ սաղավարտի» մրցաշարում։
Այսօր` հոկտեմբերի 26–ին, Ադամյանը մինչև 100 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մերտ Սիսմանլարին։ Դա տեղի է ունեցել Աբու Դաբիում, որտեղ ընթանում էր «Մեծ սաղավարտի» երրորդ` եզրափակիչ օրը։
Ոսկին նվաճել է կորեացի Չո Գուխամը, որը եզրափակիչ մարտում հաղթել է ադրբեջանցի Զելիմ Կոցոևին։ Երկրորդ բրոնզե մեդալը նվաճել է Կանադայի ներկայացուցիչ Շեյդի Էլ Նահասուն։
Արմեն Ադամյանը Վոլգոգրադի ձյուդոյի դպրոցի սան է։ Նա 2018 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող է։ 2019 թվականին «Մեծ սաղավարտի» հաղթող է դարձել Եկատերինբուրգում։ 2018թ.-ին Անթալիայում Գրան պրիի ժամանակ արծաթե մեդալ է նվաճել։ Արծաթե մեդալ է նվաճել նաև 2017 թվականին Զագրեբում պատանիների աշխարհի առաջնության ժամանակ։
Եվրոպայի ու Եվրոպական խաղերի համատեղ առաջնության ժամանակ 2019 թվականին Արմանը հաղթել է մինչև 100 կիլոգրամ քաշային կարգում ու առաջին անգամ դարձել Եվրոպայի ու Եվրոպական խաղերի հաղթող։