ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մենք չունենք հայրենիք` քուչա առ քուչա, փողոց առ փողոց կիսելու, և Վանաձորը ոչ միայն վանաձորցիների, այլևս յուրաքանչյուրի հայրենի քաղաքն է։ Այս մասին Վանաձորի օրվա տոնական միջոցառումների բացման ժամանակ ասաց Փաշինյանը։
«Վանաձորի օրվա կապակցությամբ ուրիշ քաղաքներից եկել են շնորհավորելու, և սա լավ ավանդույթի սկիզբ է։ Մեզնից յուրաքանչյուրը սիրում է իր տունը, թաղը, քաղաքը, սակայն մենք մեր քաղաքային, տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք։ Երևանցին նույնքան պետք է սիրի Վանաձորը, վանաձորցին նույնքան սիրի Գյումրին, գյումրեցին` Կապանը և այդպես շարունակ»,–ասաց նա։
Բոլորով գնում ենք դբա լավը. Փաշինյանը խոստանում է Վանաձորի էֆեկտը ստանալ բոլոր քաղաքներում
Վարչապետի խոսքով` Վանաձորում այսօր տեղի են ունենում մի շարք փոփոխություններ` վերականգնվում է կերպարվեստի թանգարանը, «Արցախ» պուրակը, այսօր տեղի կունենա շատրվաների բացում, ինչպես նաև Վանաձոր տանող ճանապարհներն են վերականգնվում։ Փաշինյանը նշեց նաև, որ այս փոփոխությունները նոր հնարավորություն են բոլոր վանաձորցիների համար, քանի որ դրանք զբոսաշրջիկներ են բերելու Վանաձոր, իսկ զբոսաշրջիկների գալով` տնտեսությունն է զարգանալու։
«Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը»,–իր խոսքն ամփոփեց Փաշինյանը։
Ելույթից հետո Փաշինյանը իր էջում տեսանյութ է տեղադրել։ «Վանաձորի օրվա առիթով գործարկվել են քաղաքի նոր շատրվանները»,–տեսանյութին կից գրել է նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Վանաձորում է օրվա սկզբից և արդեն իսկ այցելել է Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան, «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր։