ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում շրջող ոստիկանության ծառայողները երեկ երեկոյան օդանավակայանի մուտքերից մեկի մոտ պայթուցիկի նմանվող առարկա են գտել։ ԱԻՆ–ից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ահազանգը ստացել են 23։25 րոպեին և մեկնել օդանավակայան։
Անմիջապես օդանավակայան են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, սակրավորներ, իրավապահ մարմինների ծառայողներ` հնարավոր հետևանքները կանխելու։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` պայթուցիկի նմանվող առարկան հատուկ մասնագետները վնասազերծել են. ամենայն հավանականությամբ` այն պետք է փորձաքննության ենթարկվի, ինչի արդյունքներով էլ պարզ կդառնա, թե ինչ է։
Իրավապահները պարզում են այն օդանավակայանի տարածքում թողած անձի կամ անձանց ինքնությունը և մնացած մանրամասները։ Մեր տեղեկություններով` «Զվարթնոցը» արդեն անցել է իր բնականոն աշխատանքին, և մթնոլորտը տարածքում լարված չէ։