ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկացի հայտնի ջազային երաժիշտ, կոմպոզիտոր և դերասան Սթենլի Քլարկը պոեզիայի մեծ սիրահար է։ Նրան հատկապես հոգեհարազատ են ամերիկացի գրող Մայա Էնջելոուի և ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները։ Ջազմենն ուզում է օպերա գրել Պուշկինի մասին։ Այժմ նա սկսել է աշխատել դրա վրա, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քլարկը։
«Ես արդեն սկսել եմ ինչ–որ բաներ անել։ Դա կլինի Պուշկինի կյանքի և ընդհանուր առմամբ ստեղծագործությունների վերաբերյալ իմ մեկնաբանությունը», – ավելացրեց Քլարկը։
Նա Պուշկինի ստեղծագործություններն անգլերեն է կարդում. այս տարվա մայիսին ջազմենը հյուրախաղերով եղել է Ռուսաստանում, որտեղ մի քանի գրքեր է գնել` ռուս բանաստեղծի ստեղծագործությունների թարգմանություններով։
Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել
Սթենլի Քլարկն իր ջազային բենդով Հայաստանում է Yerevan Jazz Fest–ի շրջանակում։ Փառատոնը Երևանում կանցկացվի հինգերորդ անգամ։ Անցած տարիներին Հայաստանում ելույթ են ունեցել աշխարհահռչակ ջազային երաժիշտներ Մարկուս Միլլերը, Արթուրո Սանդովալը, Ռիչարդ Բոնը, Գոնսալո Ռուբալկաբան, Ջոս Սթոունը և ուրիշներ։
«Լապտերիկը» ջազ է նվագում. փոքրիկի տեսանյութը դիտումների թոփում է