ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը ներկայացրել է, թե ինչ է նկատի ունեցել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, երբ ասել է` իրեն մեկ բանում կարող են մեղադրել, որ նպաստել է` Նիկոլ Փաշինյանն իշխանության գա։
ՀՔԾ–ն ներկայացրել է քննիչի կողմից Բաբլոյանին ուղղված հարցադրման պատասխանը։
«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել»,–ասել է Բաբլոյանը։
Նա նշել է նաև, որ եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էր թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն Բաբլոյանն արձանագրել էր, որ Թովմասյանը պատգամավորական գործունեությունը վաղաժամ դադարեցրել է։ Նույն խախտումը, ըստ Բաբլոյանի, վերջինս ենթադրաբար թույլ է տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում:
Բաբլոյանի խոսքով` փաստաբանի հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացել է, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են:
Ինչու Արսեն Բաբայանի գործին չի կցվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը
Հիշեցնենք, որ Բաբլոյանը 2019 թ.-ի հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում հայտարարել է. «...Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»:
Բաբլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել` իշխանությունը յուրացնելու կասկածանքով։
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018–ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015–ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018–ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։
Քանի որ ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, նա 2018 թվականի մարտի 21-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ստորագրել։