ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Երևանի բնակիչը Իրանից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3 կգ ընդհանուր քաշով ափիոն տեսակի թմրամիջոց ու փորձել այն Հայաստան բերել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
«2019 թ. հոկտեմբերի 20-ին տղամարդը, նշված թմրամիջոցը թաքցնելով հագուստի տակ, կպչուն ժապավենով ամրացնելով որովայնի և սրունքի վրա, տեղափոխել է ՀՀ։ Սակայն Մեղրի մաքսային կետում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում բռնվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Կատարվում է նախաքննություն: