Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
Ով թեկուզ մեկ անգամ հանդիպել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, նա չի կարող մոռանալ մաեստրոյից ճառագող բարությունը և սերը։ Պարզվում է` Մանսուրյանը շատ յուրահատկությունների կողքին բավական արտասովոր սովորություն ունի` ոգեշնչվել այնպիսի առարկաներից, որոնք շատերը նույնիսկ չեն նկատում։
Օրինակ` Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում, գտնվող մի սովորական ծառի մոտ միայն մաեստրոն է երկար կանգ առնում։ Ընկնելով մտքերի հորձանուտի մեջ` Մանսուրյանը ոգեշնչվում է, չէ որ իր սենյակի պատերին այս ծառի ստվերը չէր սիրում մեծն Եղիշե Չարենցը։
«Մինչև հիմա այդ ծառի ստվերն ընկնում է Չարենցի տուն–թանգարանի պատերին։ Ես սիրում եմ այդ ծառը։ Չարենցը դրա մասին հիանալի տողեր է գրել», – պատմում է մաեստրո Մանսուրյանը։
«Ծառերից պատին
Ստվեր է ընկել կապույտ…
Կարոտդ կամար է կապում
Իմ հոգում մթին,
Իմ հոգու թանձր տապում...»
Բակո Սահակյանը Մանսուրյանին «Երախտագիտության» մեդալով է պարգևատրել. լուսանկար
Չարենցն այս տողերը գրել է 1937թ.–ին, երբ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ տնային կալանքի տակ էր։ Բանաստեղծը մեղադրվում էր հակահեղափոխության, ազգայնամոլության, տրոցկիզմի և ահաբեկչության համար։ Պատուհանն արտաքին աշխարհի հետ բանաստեղծի միակ կապն էր, իսկ հենց պատուհանի տակ ծառն էր, որը միշտ խանգարում էր նրան գրել ու խորհրդածել։
Իհարկե, ծառը մեղավոր չէ, որ բանաստեղծը չի «սիրել» այն։ Պուշկինը նույնպես, երբ տխուր է եղել, գրել է դժբախտ երկնային լուսատուի մասին. «Եվ այդ հիմար լուսինը այդ հիմար երկնակամարում»։ Ժամանակակից լեզվով ասած` ականավոր բանաստեղծի «սև փիարը» սովորական ծառը նշանակալի է դարձրել Մանսուրյանի համար։
Կոմպոզիտորը ոչ միայն սիրել է այդ ծառը, այլ նաև շարունակել է դրա «փիարը»։ «Չարենցի ծառի» հանդեպ սիրո մասին մաեստրոն պատմեց Եղիշե Չարենցի ամենահայտնի բանաստեղծություններից մեկի` «Ես իմ անուշ Հայաստանի» թարգմանությունների գրքի շնորհանդեսի ժամանակ։ Բանաստեղծությունը, որը համարվում է Հայաստանի հանդեպ սիրո անգերազանցելի գրվածքներից մեկը, թարգմանվել է 35 լեզուներով, այն բազմիցս առաջարկել են դարձնել պետության պաշտոնական օրհներգ։ Մանսուրյանին հրավիրել են միջոցառմանը` որպես Հայաստանի օրհներգի տարբերակներից մեկի երաժշտության հեղինակ։
«Կարծում եմ, որ այդ տողերն առանց երաժշտության էլ հայ ժողովրդի օրհներգն են։ Անկեղծ ասած` ես պաշտում եմ Չարենցին։ Մինչև հիմա պահում եմ իմ ունեցած` Չարենցի առաջին գիրքը, որը լույս է տեսել 1954թ–ին։ Ոչ մի գրողի այդքան հաճախ չեմ վերընթերցում, որքան Չարենցին», – ասաց մաեստրոն։
Տիգրան Մանսուրյանի անցած ուղին մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ. Փաշինյան
Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև բանաստեղծի թոռները, որոնք բոլորի նման հիացմունքով լսում են Մանսուրյանին։
Այս տարի լրացել է մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80 ամյակը։ Հոբելյանի առթիվ Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում տեղի են ունեցել «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարեր։