ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Կասկածյալը Երևանի բնակիչ, 40-ամյա տղամարդ է, որը ձերբակալվել է՝ 64-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:
Դեպքի վայրում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր նշված բնակարանի բնակչուհի, 64-ամյա կնոջ դիակը՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:
Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավորներ
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է:
Նախաքննությունը շարունակվում է: