ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիա։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ «Մեկնել է բուժման նպատակով, դատարանի որոշմամբ»,– հիշեցրեց փաստաբանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սեյրան Օհանյանին թույլատրվել է բուժման նպատակով երկրից բացակայել հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը։
Օհանյանի փաստաբանը, սակայն, չբացառեց, որ Սեյրան Օհանյանը կվերադառնա ավելի վաղ` մինչև դատարանի սահմանած ժամկետի ավարտը։
Սեպտեմբերի 20–ի դատական նիստում, միջնորդությունը ներկայացնելիս, Սեյրան Օհանյանի պաշտպանները հայտնել էին, որ նա երկու տարին մեկ պարտադիր բուժզննում է անցնում գերմանական կլինիկայում` իր հաշմանդամության և պրոթեզավորման հետ կապված։
Սեյրան Օհանյանը` մարտի 1-ի մասին. «Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել»
Պաշտպանները ներկայացրել էին նաև կլինիկայից ուղարկված հրավերը, որտեղ նշված էր, որ Օհանյանին սպասում են հոկտեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Մարտի 1-ի» գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։