ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Տաջիկստանի Հարբ–Մայդոն զորավարժարանում այսօր տեղի կունենա ՀԱՊԿ երկրների «Անքակտելի եղբայրություն 2019» զորավարժությունների հանդիսավոր բացումը. դրանք կտևեն մինչև հոկտեմբերի 29–ը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների յուրահատկությունը վեց պետությունների` Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի զորքերի համատեղ գործողությունների մշակումն է։
«Աշխարհում անկայուն իրադրության և Աֆղանստանում սրվող իրավիճակի ֆոնին համատեղ գործողությունները ցուցադրում են մեր պետությունների ղեկավարների վճռականությունը` տարածաշրջանում օրինական հիմքերով անվտանգություն ապահովելու գործում», – զորավարժությունների բացման արարողության ժամանակ ասել է Կենտրոնական ռազմական օկրուգի ռուսական զորքերի հրամանատար, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինը։
Զորավարժությունները կընթանան երկու փուլով։ Առաջին փուլի ընթացքում կմշակվի գրոհայիններին ոչնչացնելու հակաահաբեկչական գործողություն։ Երկրորդ փուլում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը խաղաղապահ գործողություն կանցկացնեն` Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար։
Հայ խաղաղապահները կմեկնեն Եկատերինբուրգ
Համատեղ զորավարժությունների երկրորդ փուլին կմասնակցեն երկու համակազմեր Հայաստանից և Բելառուսից, որոնք կժամանեն հոկտեմբերի 24–ին։