Բայց ամեն ինչ կարող է պատահել. մեկ էլ տեսար՝ անսպասելիորեն որոշում կայացվի ընտրական համակարգը փոխելու մասին և շատ արագ էլ հանրաքվե անցկացվի։ Այդ դեպքում մի առաջարկ ունեմ՝ եկեք մեզ մոտ ներդնենք ընտրությունների շվեյցարական համակարգը։
Ինչու հիշեցի հենց շվեյցարական տարբերակը։ Այն պարզ պատճառով, որ կիրակի օրը Շվեյցարիայում պառլամենտական ընտրություններ տեղի ունեցան։ Չեմ ուզում մանրամասն խոսել դրանց արդյունքների մասին, շատ հակիրճ փաստեմ, որ իշխող Ժողովրդական կուսակցությունը իշխող էլ մնաց, բայց մեծ թվով ձայներ շահեցին կանաչները։ Հիմա շվեյցարական ընտրական համակարգի մասին, բայց նախ մի փոքրիկ նախաբան։
Մի քանի տարի առաջ Շվեյցարիայում հարցում անցկացվեց մոտավորապես այսպիսի թեմայով. «Ինչպիսի՞ն է լավ շվեյցարացին»: Հարցրել էին՝ պետական օրհներգը չիմացողը կարո՞ղ է լինել լավ շվեյցարացի: Հարցվածների գերակշիռ մասի պատասխանը դրական էր: Իսկ բանակում չծառայածը արդյո՞ք լավ շվեյցարացի է: էլի ճնշող մեծամասնությունն ասել էր՝ այո, ի՞նչ կա որ: Բա այդ դեպքում վա՞տ շվեյցարացին ով է: Կարո՞ղ եք կռահել, թե ինչ էր պատասխանել հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ մոտ երկու երրորդը:
Վախենամ՝ չկարողանաք գուշակել, այդ պատճառով էլ միանգամից ասեմ՝ պատասխանը սա էր՝ վատ շվեյցարացին նա է, ով չի գնում ընտրատեղամաս՝ քվեարկելու: Ճիշտն ասած, չգիտեմ, թե ով է այդ վատ շվեյցարացին, որն ընտրատեղամաս չի գնում, որովհետև, իմ կարծիքով, Շվեյցարիայում քվեարկելը գերագույն հաճույք է՝ գրեթե անսահման հնարավորություններ են բացվում ընտրելու հենց այն խորհրդարանը, որը դու ուզում ես: Վերցնում ես կուսակցություններից մեկի ցուցակը, բայց մեխանիկորեն չես քվեարկում այնտեղ նշված մարդկանց օգտին:
Նստում ես ու սկսում ես խմբագրել, լավացնել ցուցակը: Ջնջում եմ այն մարդկանց անուննները, որոնք քեզ դուր չեն գալիս: Նրանց փոխարեն ավելացնում ես ցանկացած թեկնածուի անուն, որը նշված է այլ կուսակցական ցուցակներից մեկում: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ստացվում:
Ենթադրենք՝ քվեարկում եմ իշխող կուսակցության օգտին, բայց այդ ցուցակում ներառում եմ մի մարդու անուն, որը հիմա խորհրդարանում ինչ ասես, որ չի ասում այդ իշխող կուսակցության հասցեին: Եվ այդ դեպքում հա՛մ իշխող կուսակցությունն է ինձանից ձայն ստանում, հա՛մ էլ իշխող կուսակցությանը քննադատողը:
Ավելին՝ կարող եմ վերցնել կուսակցություններից մեկի ցուցակը՝ անխտիր բոլորին ջնջել ու կազմել սեփական ցուցակս:
Իհարկե, չեմ կարող այդ իմ ցուցակում ընդգրկել ում ուզեմ՝ բաջանաղիս, հարևանիս. պիտի անպայման նշեմ այն մարդկանց անունները, որոնք կան ընտրություններին մասնակցող այդ 10 կուսակցությունների ցուցակներում: Հիմա գոնե պատկերացրի՞ք, թե դա ինչ գերագույն հաճույք է՝ գնալ ընտրատեղամաս, բոլորին ջնջել ու կազմել սեփական ցուցակը՝ ուզում եմ, որ հենց այս մարդիկ լինեն ապագա խորհրդարանում՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Ավելին, եթե որոշենք փոխել մեր Սահմանադրությունը, կարող ենք ընդօրինակել նաև նախագահներին ընտրելու շվեյցարական եղանակը: Այնտեղի խորհրդարանն ընտրում է 7 հոգուց բաղկացած դաշնային խորհուրդ և հետո այդ խորհրդի անդաները փոխնիփոխ՝ ռոտացիոն կարգով երկրի նախագահ են դառնում՝ ամեն մեկը՝ մեկ տարով: Գրեթե 30 տարի է, ինչ Հայաստանն անկախ է, ուրեմն այդ ընթացքում մոտ երկուսուկես տասնյակ մարդ կարող էր արդեն բավարարած լիներ նախագահ դառնալու իր հավակնությունները: Չնայած մտավախություն ունեմ, որ այդ դեպքում հերթն անընդհատ կմեծանար ու գոնե մեկ տարով նախագահ դառնալ ցանկացող հայաստանցիների թիվը կհասներ մի քանի միլիոնի: