ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում և ուղիղ եթերում ցուցադրել համերգը։
«Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակում»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը: Մենակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն է, իսկ գլխավոր դիրիժորը՝ Վալերի Գերգիևը:
Փաշինյանը համերգին ներկա է տիկնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր` Արփիի հետ:
Նշենք, որ համերգը տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակում:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 19-ին: «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը Luftbrücke Irak կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է։
Նա տուժած եզդիներին Իրաքից տեղափոխում է Գերմանիա, որտեղ նրանք բժշկական օգնություն են ստանում։ Դինային հարյուրավոր կանանց օգնում է դուրս գալ «Իսլամական պետություն» խմբավորման բռնազավթած տարածքներից։
Ավրորա Մարդիգանյանի ծառուղի. ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական և բարեգործական նախաձեռնությունն է, որին արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ և գործընկերներ:
Աչքերում ցավ է ու հույս․ «Ավրորայի» մրցանակակիր Միրզա Դինային կշարունակի փրկել աշխարհը
Նախաձեռնությունը ներկայացնում է երեք կազմակերպություն՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամը (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամը (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամը (Երևան Հայաստան):