ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. 16 և 18 տարեկան եղբայրները, որոնք այս գիշեր Երևանում հարձակվել են 2 ոստիկանի վրա, դեպքից ժամեր առաջ գողություն են արել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 04: 00-ի սահմանում Երևանի Ազատության պողոտայում սպանել են ոստիկան Տիգրան Առաքելյանին (38 տարեկան), երբ նա գործընկերոջ հետ փորձել է բերման ենթարկել կասկածելի քաղաքացիներին: Նրա գործընկերոջը` Ա.Հակոբյանին (25 տարեկան), ծեծել են։ Այժմ նա բուժկենտրոնում է։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարողները եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Նրանք ձերբակալվել են: Ոստիկաններից մեկին սպանել, իսկ մյուսի գլխին էլ հարվածել է 16 տարեկան եղբայրը։
Նախաքննության ընթացքում պարզվել է` ոստիկանները նկատել են, որ տղաները գողություն են արել, հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին։
Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ:
Երևանում ոստիկանի սպանության գործով Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել 3 հոդվածով
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա եղել en արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության պետի պաշտոնակատարը նոր մանրամասներ է հաղորդել ոստիկանի սպանության դեպքից