ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը հինգ օր շարունակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվելուց հետո տեղափոխվել է «Երևան– Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի ղեկավար Նոնա Նավիկյանը։
«Երեկ գիշեր տեղափոխվել է կալանավայր։ Առողջական վիճակը հիմա նորմալ է», – ասաց նա։
Սա արդեն երրորդ անգամ էր, որ Խաչատրյանը, գտնվելով անազատության մեջ, տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:
Այս անգամ նրան տարել էին նեյրովիրաբուժության բաժանմունք, որովհետև միզուղիների հետ կապված խնդիրներ ուներ։
Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը ողնաշարի և հենաշարժողական ապարատի խնդիրներ ունի։ Նրա խոսքով` Խաչատրյանը 2017–ին Գերմանիայում ողնաշարի վիրահատություն է տարել, նրա մարմնում իմպլանտ է տեղադրվել։
Հիշեցնենք` նախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։
Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:
Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:
Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։
Սեպտեմբերի 30–ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, և Գագիկ Խաչատրյանը մնաց կալանքի տակ։
Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին