ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը պայմաններ է ստեղծում Union Pay վճարային համակարգին միանալու համար։ Այսօր հրավիրած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Երբ մենք դա արած լինենք, էապես կբարձրացնենք չինացի զբոսաշրջիկների` Հայաստանում գտնվելու հարմարավետությունը, որովհետև այս համակարգը Չինաստանում ամենատարածվածն է և գործնականում միակը, որ չինացի զբոսաշրջիկները կարող են օգտագործել դրսում գտնվելու ընթացքում»,– ասաց նախարարը։
Union Pay վճարային համակարգի շնորհիվ Հայաստան եկող չինացիներն ավելի քիչ սահմանափակումներ կունենան մեր երկրում, ինչը կնպաստի այդ երկրից զբոսաշրջիկների այցելությունների աճին։
2002թ–ին Չինաստանի ԿԲ–ի նախաձեռնությամբ ստեղծված Union Pay վճարային համակարգը միակ պետական համակարգն է, որը ներառում է ավելի քան 300 մասնավոր վարկային կազմակերպություն։
ՌԴ–ում համակարգը կիրառվում է 2007թ–ից։
Համակարգում ներառված են 2,7 մլրդ բանկային քարտ, որոնք վավերական են աշխարհի 79 երկրում։