ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած բոլոր նախկին զինծառայողներն այսուհետ զինվորական կենսաթոշակ կստանան` անկախ հաշմանդամության կարգ ստանալու ժամկետից։
Այս մասին որոշումն ընդունվեց այսօր, ՀՀ կառավարության նիստում։
Ամեն աշխատող քաղաքացի կվճարի 1000 դրամ զոհված կամ հաշմանդամ զինծառայողի համար
Նախագծի զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի` 2019թ. հուլիսի 12–ին ընդունած որոշմամբ։
«Մինչ այժմ հաշմանդամությունը տրվել է 5 տարի ժամկետով, ու մենք դեպք ենք ունեցել, որ 2000թ.–ին մարդը դուրս է եկել ծառայությունից, բայց հաշմանդամության կարգի համար դիմել է 2008թ.-ին։ Բայց քանի որ օրենքում նշված էր, որ 5 տարի հետո չենք կարող զինվորական թոշակ նշանակել, ՍԴ–ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, և մենք հիմա հանում ենք այդ կարգավորումը»,– ասաց փոխնախարարը։
Գասպարյանը նշեց, որ նախարարությունը դժվարանում է հստակ հաշվարկել, թե այս փոփոխությունն ինչ լրացուցիչ ծախսեր կառաջացնի բյուջեի համար, քանի որ հայտնի չէ, թե քանի մարդ ու ինչ զինվորական կոչում ունեցող անձինք կդիմեն իրենց` նախկինում խախտված իրավունքները վերականգնելու համար։
Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ Պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել նաև 1998 թվականից սկսած` մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում տրամադրելու մասին, քանի որ մինչև հիմա փոխհատուցման իրավունք էր վերապահված 2008թ.–ից հետո զոհված ու հաշմանդամ դարձած զինվորականներին։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս առիթով նշեց, որ նախարարությունն այսօրինակ որոշումներում առաջնորդվում է սոցիալական հավասարության սկզբունքով։
Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներից քանի՞սն են հատուցում ստացել
«Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից հավելյալ կստանա ամսական 240 000 դրամ»,– ասաց նախարարը` հավելելով, որ փոխհատուցման նշված չափը միջին ցուցանիշ է, այն որոշակի փոփոխությունների է ենթարկվում` կախված զինվորական կոչումից, ըտանիքի կազմից և այլն։