ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ն և Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են Հայաստանի երկաթուղու հետագա զարգացման հարցը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովն ասել է, որ Հայաստանի ենթակառուցվածքի արդիականացումը շարունակելու գլխավոր պայմանը բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության ոգով լուծելն է։
Երեկ Երևանում տեղի է ունեցել ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևի և «ՌԵ» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Կողմերը քննարկել ենք Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա զարգացումը, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի աշխատանքը կարգավորելու հարցերը», – նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Բելոզյորովը նշել է, որ ՌԵ–ն կատարում է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները` մոտ 250 միլիոն դոլար սեփական միջոցներ ներդնելով երկաթուղում։
Ինչպես նշել է «ՌԵ» ԲԲԸ–ի ղեկավարը, նախագիծն իրագործելու և երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումը շարունակելու գլխավոր պայմանը բոլոր վիճելի հարցերը Հայաստանի կառավարության հետ կառուցողական գործակցության ոգով լուծելն է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական մի շարք ԶԼՄ–ներ գրեցին, որ իբր «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի իշխանության հետ խզել պայմանագիրը։ Ավելի վաղ այդ մասին գրել էր RTVI հեռուստաընկերությունը` հղում անելով «Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին քաջատեղյակ աղբյուրին»։ Իբր նման որոշումը կապված է Հայաստանում գործող դուստր ձեռնարկության դեմ հարուցած քրեական գործի հետ։
«Անգամ ճգնաժամի ժամանակ ոչ ոքի չկրճատեցինք». ՀԿԵ–ի տնօրենը` Հայաստանում աշխատելու մասին
RTVI –ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևն ասել էր` Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ–ն չի կարող նորմալ աշխատել. առգրավվել են 10 տարվա փաստաթղթեր, անապացույց մեղադրանքներ են ներկայացվել և որևէ երաշխիք չի տրվել։
Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Ռուսները կգնան, բայց չինացիները չեն գա. ինչ կտա Հայաստանին ՀԿԵ–ի շուրջ ծավալված աղմուկը