ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու և մեկ շաբաթով ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը։ Նա այս որոշումը հրապարակեց քիչ առաջ։
Փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել էր թույլ տալ Գևորգյանին հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը բացակայել ՀՀ–ից և մեկնել արտերկիր։ Նրա խոսքով` ուղևորությունը երկու նպատակ ունի` գործնական հանդիպում` պայմանավորված «Արինս գրուպ» ՍՊԸ–ում վարչության նախագահի ու գլխավոր տնօրենի պաշտոնով, և բժշկական զննություն արտերկրում։ «Պարոն Գևորգյանն ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ»,– ասել էր Պողոսյանը։ Արմեն Գևորգյանն էլ հայտնել էր, որ ինքն ամեն տարի սրտանոթային խնդիրների հետ կապված հետազոտություն է անցնում Վիեննայում գտնվող ավստրիական կլինիկայում։
Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դեմ էր արտահայտվել խափանման միջոցը փոխելու և Հայաստանից մեկնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությանը։
Դատական նիստից հետո Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր հայտարարեց, որ դատարանի որոշումն անօրինական է, և իրենք պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանում։
Փորձ է արվում Մարտի 1–ի քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել. Կոստանյան
Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով: