ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց աշխարհահռչակ DJ, երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը: Նա նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ, տպավորված է ջերմ ընդունելությամբ և երջանիկ է, որ այստեղ է:
Օդանավակայանում հայկական եռագույնով, պաստառներով նրան էին սպասում երկրպագուները, որոնք լուսանկարվեցին աշխարհահռչակ DJ-ի հետ, ստացան նրա ստորագրությունը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը Հայաստան է եկել WCIT–2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացման առիթով այսօր երեկոյան կայանալիք համերգին մասնակցելու համար: Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։
WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին WCIT համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։
Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Աննախադեպ ձևաչափի նվագախմբի համերգային ծրագրում ներառված է վերոնշյալ 14 երկրները խորհրդանշող ու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շարք։
Հրապարակի հարակից շենքերին կպրոյեկտվեն նշված 15 երկրները խորհրդանշող տեսարաններ։
Երևանի կենտրոնում երաժշտական «խառնաշփոթ» է. WCIT-2019 նվագախմբի գլխավոր փորձի տեսանյութը
Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա DJ Արմին վան Բյուրենը:
Համերգը կկայանա հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։