Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր` հոկտեմբերի 6–ին մեկնարկեց ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը։ Հանրապետության հրապարակում այդ առիթով կազմակերպվել էր մեծ համերգ, որի ընթացքում 15 երկրի երաժիշտներից կազմված WCIT միջազգային նվագախումբը հոկտեմբերի 6–ին աշխարհում առաջին անգամ կատարեց ստեղծագործություն, որը հորինված է արհեստական բանականության կողմից։
Նման նվագախումբ ստեղծելու գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, գաղափարն իրականություն է դարձել WCIT-2019–ի կազմակերպիչների աջակցությամբ։ Երաժիշտները Հայաստան են ժամանել սեպտեմբերի 29-ին։ Փորձերը մեկնարկել են հաջորդ օրվանից։
WCIT նվագախումբը ՀՀ–ում կկատարի արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը
Նվագախումբը ստեղծողների գլխավոր նպատակն այն է, որ համաժողովի ծրագրում առաջին անգամ ներառված երաժշտական մասն ավանդական դառնա, և WCIT նվագախումբը ձևավորվի ամեն տարի։
WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին WCIT համաժողովները հյուրընկալած 14 երկրները` Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։
Այսօր մեկնարկած WCIT–2019 ՏՏ համաշխարհային համաժողովը կավարտվի հոկտեմբերի 9-ին։
Այդ օրերի ընթացքում 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն կժամանի մեր երկիր։ Համաժողովի հյուրերի թվում են նաև աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը, ամերիկահայ գործարար և Reddit կայքի ու Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
Համաժողովի շրջանակում այսօր Հայաստան ժամանեց նաև աշխարհահռչակ DJ, երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը:
Հայաստան ժամանեց աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը. լուսանկարներ
Օդանավակայանում հայկական եռագույնով, պաստառներով նրան էին սպասում երկրպագուները, որոնք լուսանկարվեցին աշխարհահռչակ DJ-ի հետ, ստացան նրա ստորագրությունը: Ժամեր անց, արդեն, նա instagram–ի իր էջում Հայաստանի PR-ն էր անում։