ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. WCIT նվագախմբի մի քանի տասնյակ երաժիշտներն այսօր փորձ անցկացրին Երևանի կենտրոնում։ Նրանք նվագեցին արհեստական ինտելեկտի օգնությամբ գրված ստեղծագործությունները։
«Արհեստական երաժշտությունից» բացի, փորձի ժամանակ հնչեցին նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Նման նվագախումբ ստեղծելու գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, գաղափարն իրականություն է դարձել WCIT-2019–ի կազմակերպիչների աջակցությամբ։ Երաժիշտները Հայաստան են ժամանել սեպտեմբերի 29-ին։ Փորձերը մեկնարկել են հաջորդ օրվանից։
«Դժվարությունն այն է, որ երաժշտության տարբեր ընկալմամբ, տարբեր տեխնիկայով, տարբեր երկրներից ժամանած երաժիշտները հավաքվել են նույն վայրում և նվագելու են ստեղծագործություններ, որոնք ստեղծվելու են իրական ժամանակի ռեժիմում։ Մենք բազմաթիվ խոչընդոտներ ենք հաղթահարել, բայց համոզված ենք, որ մեր նպատակին կհասնենք», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նվագախումբը ստեղծողների գլխավոր նպատակն այն է, որ համաժողովի ծրագրում առաջին անգամ ներառված երաժշտական մասն ավանդական դառնա, և WCIT նվագախումբը ձևավորվի ամեն տարի։
Սմբատյանի խոսքով` նման երաժշտական համույթ ստեղծելն անմիջականորեն կապված է բուն համաժողովի հաջողության պատմության հետ։ Այժմ կարևոր է, որ նախագիծն իսկապես հաջող լինի և այսուհետ ասոցացվի Հայաստանի հետ։
«Բարձր տեխնոլոգիաները, արհեստական ինտելեկտը, առաջընթացը ամենաքննարկվող թեմաներից են, և մենք առաջարկում ենք այդ ամբողջ պատմության մեջ ուրույն հետաքրքրություն մտցնել` արվեստ», – ասաց դիրիժորը։
WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները` Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։
WCIT–2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում կմեկնարկի հոկտեմբերի 6–ին և կավարտվի ամսի 9-ին։ 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն կժամանի մեր երկիր։ Համաժողովի հյուրերի թվում են նաև աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը, ամերիկահայ գործարար և Reddit կայքի ու Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։