ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» երաշխիքներ չունի, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ–ն ինչ որոշում կկայացնի։ Այս մասին ԱԺ–ում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլի» նախագծի ներկայացման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
«ՍԴ-ն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իր կարծիքը` թե՛ այո–ն, թե՛ ոչ–ը, պետք է հիմնավորի։ Այդ հարցը ՍԴ դատավորների կամ անդամների ցանկության հարցը չէ։ Այսինքն` ինչ դիրքորոշում էլ կայացնեն, այն պետք է լինի պատճառաբանված»,–ասաց նա։
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, որ Քոչարյանի գործով փաստաբանական թիմը չդիմեր ՍԴ, արդյո՞ք որևէ վերապահում կունենային ՍԴ–ի վերաբերյալ և կասկածի տակ կդնեի՞նք ՍԴ–ի անաչառությունը։ Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ իր դիրքորոշումը ՍԴ–ի նկատմամբ միշտ որոշակի վերապահումով է եղել։ «Հիմա ունենք կոնկրետ գործընթաց ու եթե–ներով հարցերին անդրադառնալու կարիք չկա։ Ի դեպ, գործընթացը պայմանավորված չէ Թովմասյանի նկատմամբ մեր վերաբերմունքով, այլ պայմանավորված է ներկայացված հիմքերով։ Եթե նույն հիմքերն առկա լինեին այլ դատավորի վարքագծում, մենք այլ դատավորի լիազորությունների դադարեցման համար կդիմեինք»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16–ին «Իմ քայլը» խմբակցության նիստում որոշում էր կայացվել Սահմանադրական դատարանի անդամներից մեկի` Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել։
Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել
Վերջնական որոշում պետք է կայացնի ՍԴ–ն։ ԱԺ–ում հարցի քննարկման ժամանակ Թովմասյանը ելույթի իրավունք ուներ, սակայն նա չի ներկայացել ԱԺ։ Նա այսօր հայտարարություն էր տարածել` ասելով, որ չի մասնակցի այդ քննարկմանը։
Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր ընտրվել 2018թ.–ի փետրվարին։