ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երբեք ջայլամությունն ու փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում, եթե ֆունդամենտալ հարցեր պետք է լուծվեն։ Այս մասին ԱԺ–ում «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած` Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ուղղախոսությունն է հարցերի լուծմանը տանող ճանապարհը։ Երկու տասնամյակից ավել ՀՀ–ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են եղել ընտրական գործընթացների վրա։ Նախորդ իշխանությունների ժամանակ թալանել են պետությունը` բանակից սկսած։ Եթե կազմեինք նախորդ ռեժիմի փաստաբանների թոփ հնգյակը, վստահաբար Հրայր Թովմասյանը լինելու էր նրանցից մեկը»,–ասաց նա։
Միրզոյանի խոսքով` Թովմասյանը միակը չէ, նրա նման մարդիկ էլի կան, որ այսօր ծլում, ծաղկում ու անգամ բարգավաճում են։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի և Թովմասյանի քավոր–սանիկական հարաբերություններին` Միրզոյանը նշեց, որ դրանք ուղղակի քավոր-սանիկ հարաբերություններ չէին, այլ նախկին թիմի բանակցությունները ՍԴ–ի հետ։
«Թովմասյանն ուներ և ունի քաղաքական մոտիվացիա, իսկ այդ մոտիվացիան ամենևին էլ ՍԴ շահը չէր, այլ հին ռեժիմի փաստաբանությունը շարունակելը։ Հենց այս ամենի համար էլ Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել` նա այդ շանսն ուներ և այդ շանսը կորցրել է»,–ասաց նա։
Ի դեպ, Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քննարկումը կանցկացվի հոկտեմբերի 4–ին, ժամը 11։00-12։00–ն։ Քվեարկությունը փակ է լինելու։ ԱԺ պատգամավորների 3/5 համաձայնության դեպքում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննարկեն ՍԴ դատավորները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16–ին «Իմ քայլը» խմբակցության նիստում որոշում էր կայացվել Սահմանադրական դատարանի անդամներից մեկի` Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել։
Վերջնական որոշում պետք է կայացնի ՍԴ–ն։