ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահի նստավայրում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից առաջ, երբ բարձրաստիճան հյուրերը արարողակարգի լուսանկարահանումներից հետո ներս էին մտնում, Բաղրամյան 26-ում հավաքված լրագրողներից մեկը փորձեց հարցեր տալ ՌԴ նախագահին։
Դատելով միկրոֆոնից` դա վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողն էր։ Նա Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Դուք ե՞րբ կսկսեք իրագործել 2008թ.–ին ստանձնած պարտավորությունները։ Ե՞րբ զորքերը դուրս կբերվեն Վրաստանի օկուպացված տարածքներից»,– հեռացող Պուտինի հետևից բղավեց լրագրողը։
ՌԴ նախագահը հանգիստ տոնով պատասխանեց. «Մենք միշտ կատարում ենք մեր խոստումները»։ Բայց լրագրողը հազիվ թե լսեց ՌԴ նախագահի պատասխանը, քանի որ այդ պահին անվտանգության աշխատակիցները նրան հեռացրն հյուրերի համար նախատեսված հատվածից` հորդորելով չխախտել արարողակարգը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: