ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, ավելին՝ նրանց հանդիպումները վերջին շրջանում հաճախակի են դարձել, նույնիսկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր` առանցքայինը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցն է եղել»,- գրում է օրաթերթը՝ նշելով, որ փորձել է մանրամասներ ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:
Նա չի հերքել հանդիպման լուրը, բայց նաև մանրամասներ չի փոխանցել` ասելով, որ տեղեկատվությանը չի տիրապետում:
Թերթը նաև հավելում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե ինչպես կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկմանը: Բայց ըստ տեղեկությունների` քվեարկությունը խմբակցությունում ազատ է լինելու:
«Ըստ մեր աղբյուրների, սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը Ծառուկյանի հետ հանդիպում է նախաձեռնել»,- գրում է թերթը:
Կողմ քվեարկելու մասին միայն «Լուսավոր Հայաստանն» է հստակ ասել, իսկ եթե 88 հոգանոց «Իմ քայլում» էլ դեմ քվեարկողներ լինեն, ապա հնարավոր է` հարցի քվեարկությունը տապալվի»:
Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ է նախաձեռնել:
Որոշման նախագիծն արդեն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում։ Այն պետք է քննարկվի ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի առաջիկա նիստում, ապա ներառվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։
ԱԺ–ում հաստատվելուց հետո միայն դիմումը կուղարկվի ՍԴ։ ՍԴ–ում դիմումը բավարարելու համար դրան պետք է «կողմ» քվեարկեն ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։