ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Այն մրցավարները, որոնք չեն կարողանում իրենց աշխատանքը նորմալ կատարել, ընդհանրապես պետք է հեռացվեն ֆուտբոլից:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մրցավարության խնդիրների մասին, ասաց «Ուրարտու» ՖԱ նախագահ Ջևան Չելոյանցը:
Նշենք, որ մրցավար Արտակ Սիմոնյանը, որը նախորդ առաջնության «Լոռի» - «Փյունիկ» խաղում սխալներ էր թույլ տվել, որակազրկումից հետո նորից սպասարկել է բարձրագույն խմբի առաջնության խաղ, ինչն անմիջապես արձագանք է ստացել «Փյունիկի» նախագահի մոտ:
Երեկ` սեպտեմբերի 30-ին, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարել էր, որ եթե մրցավարությունը Հայաստանի առաջնության խաղերում չբարելավվի, ապա ինքը «Փյունիկը» կհանի հաջորդ մրցաշրջանի առաջնությունից ու կկենտրոնանա մանկապատանեկան ֆուտբոլի վրա:
«Ուրարտուի» նախագահն էլ կարծում է, որ հայ որոշ մրցավարների խաղերի սպասարկման ցածր մակարդակը ոչ թե վրիպում է, որ յուրաքանչյուր մարդու մոտ էլ կարող է լինել, այլ նրանք այդ սխալները թույլ են տալիս միտումնավոր, կամ ինչ-որ մեկի հանձնարարությունն են կատարում: Պատասխանելով ապացույցների վերաբերյալ հարցին` Չելոյանցը ասաց. «Իմ ապացույցը խաղի հաշիվն է: Ես տեսնում եմ խաղի ընթացքն ու հասկանում, որ մրցավարը միտումնավոր է անում ամեն ինչ: Այլ ապացույցներ ինձ պետք չեն»:
Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում
«Ուրարտուի» սեփականատերը նշեց, որ շատ կարևոր հարցերով մի քանի անգամ դիմել են ՀՖՖ: Բայց փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը ոչինչ չի արել ու չի էլ անում` զրո` ավելացրեց Չելոյանցը:
Պարզ ու ընդունելի է, որ հայկական ֆուտբոլում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Բայց արդյունքի կարելի է հասնել միայն միասին համագործակցելով, ու առանց մեկ մեկու մեղադրելու: Առավել ևս, որ մրցավարական սխալներ, ինչպես նշեց Չելոյանցը, ոչ միայն Հայաստանում կան այլ ամբողջ աշխարհում: Ու դրանք ինչպես եղել են, այնպես էլ կլինեն որպես ֆուտբոլի բաղկացուցիչ մաս: