Հայաստանում 2019թ. հունվարի 1-ի դրությամբ 419 174 տարեց կա, որից, սակայն, աշխատում են միայն 48 000–ը կամ 11.4 տոկոսը։ Ի դեպ, 2018–ին տարեցների թիվը Հայաստանում եղել է 457 877։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը մշակել է տարեցներին առնչվող նոր ռազմավարություն, որը շուտով շրջանառության մեջ կդրվի։ Ռազմավարությունը կնպաստի տարեցների զբաղվածությանը և ժամանցի կազմակերպմանը։ Մասնավորապես, ծրագրերից մեկի միջոցով գործատուին գումար կտրամադրվի, որպեսզի վերապատրաստեն տարեցներին։
Բացի այդ, առաջիկայում կբացվեն սերունդների համերաշխության ակումբներ, որտեղ տարեցներն իրենց փորձը կփոխանցեն երիտասարդներին. սա տարեցների համար որպես աշխատանք կդիտարկվի։
Նշենք, որ ըստ ՄԱԿ–ի կանխատեսումների` 2050-ին Հայաստանում 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23 տոկոսը։