ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի քննարկել Սասուն Միքայելյանի ասածը։ Այս մասին լրագրողներին հայտարարեց կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն ավելի վաղ բացահայտ աջակցել էր Արթուր Վանեցյանին, որը վերջերս ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Միքայելյանի խոսքով` Վանեցյանի վրա հարձակումներն անթույլատրելի են, և ոչ ոք իրավունք չունի ասել, որ նա գետնով է տվել սպայի պատիվը։ Միքայելյանի կուսակիցները դատապարտել էին Վանեցյանի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանի կառավարությունը պետք է սթափվի և պետականաշինության տրամաբանության շրջանակում տարերային որոշումներ չկայացնի։
Հարցին, թե արդյոք կուսակցությունում քննարկվել է Միքայելյանի դիրքորոշումը, նախարարը բացասական պատասխան տվեց։
«Դա ներկուսակցական հարց է, և հարկ չկա այն հանրայնացնել։ Մեր կուսակցությունն այդ հարցը չի քննարկել», – ասաց Պապիկյանը։
«Չեմ կարծում, որ Արթուր Վանեցյանի դեմ քրգործ կհարուցվի». ԱԱԾ փոխտնօրեն
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018թ–ի մայիսին, և հրաժարական տվել սեպտեմբերի 16–ին։