ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը լիովին սատարում է Հնդկաստանի դիրքորոշումը Քաշմիրի հարցում։ Այս մասին Wion հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաշմիրի հարցում մենք ամբողջությամբ պաշտպանում ենք Հնդկաստանի դիրքորոշումը, և դա մեր հստակ դիրքորոշումն է։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի համախմբել ջանքերը իրավիճակի խաղաղ կարգավորման համար»,–նշել է վարչապետը։
Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը շարունակվում է այն ժամանակից, երբ 1947 թվականին Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվեց հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։
Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանն ու Հնդկաստանը շատ մոտ են պատմական, կրոնական և քաղաքական առումով։ Եվ այսօր ամենաարդիական խնդիրը տնտեսական համագործակցության խորացումն է։
Հայաստանը հայտնվել է իրենց անվանումներն անսովոր կերպով ստացած երկրների տասնյակում
Ավելի վաղ Նյու Յորքում կայացած ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացել էր Փաշինյանի և Հնդկաստանի նրա գործընկեր Նարենդրա Մոդիի հանդիպումը։
«Մենք բավական դրական բանավեճ ունեցանք վարչապետ Մոդիի հետ, և մենք քննարկում էինք մեր տնտեսական կապերի ամրապնդման և առևտրի ծավալների մեծացման հնարավորությունները»,– ավելացրել է նա։
Երկու երկրները կարող էին ամուր համագործակցություն հաստատել զբոսաշրջության և մշակույթի ոլորտում։ Փաշինյանը հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետը բավական հետաքրքիր առաջարկ է հնչեցրել երկու երկրների պատմական կապերին նվիրված համատեղ կինոնախագծի իրականացման մասին։