ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այցը հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում է։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում և դաշտային հոսպիտալում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների մանրամասները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:
Դավիթ Տոնոյանը եղել է նաև ԶՈՒ ինժեներական զորամասերից մեկում, հանդիպել զինված ուժերը համալրած պահեստազորայինների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է վարժանքներին ներգրավված անձնակազմի տրամադրությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, ծանոթացել կեցության պայմաններին, մատուցվող սննդի որակին և պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:
Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, բարձր գնահատել անհրաժեշտության դեպքում զինված ուժերի շարքերը համալրելու և հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալու նրանց պատրաստակամությունը: