ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործով ՍԴ ընդունած որոշումը հապճեպ էր։ Այս մասին Գյուլումյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ՍԴ–ն շտապե՞լ է Քոչարյանի գործով որոշում կայացնելիս։
«Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումները, ըստ օրենքի, պետք է քննվեն 3 ամսում։ Միայն բացառիկ դեպքերում ՍԴ–ն հավելյալ ժամկետ է խնդրում, որը չի կարող ևս 3 ամսից ավելի լինել։ ՍԴ–ն Քոչարյանի դիմումի մասին որոշում է կայացրել այն ներկայացվելուց 4 ամիս անց։ Հիմա հապճե՞պ որոշում է սա, թե՞ ոչ` թողնում եմ ձեր մեկնաբանությանը»,–ասաց նա։
Հարցին, թե ՍԴ անդամների վրա ճնշումներ կա՞ն ինչ–ինչ հարցերում` Գյուլումյանը պատասխանեց, որ ճնշում են նրան, որը ճնշվում է։ Նրա խոսքով` իրեն հնարավոր չէ ճնշել։
Sputnik Արմենիայի հարցին, թե հաշվի առնելով, որ «Իմ քայլը» ԱԺ է ներկայացրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ, ինչ մթնոլորտ է տիրում այժմ ՍԴ–ում` Գյուլումյանը պատասխանեց` սովորական։
«ՍԴ–ում մթնոլորտը նույնն է, այսինքն` այն, ինչ նախկինում էր»,–ասաց Գյուլումյանը` հավելելով, թե Թովմասյանի` լիազորությունները դադարեցնելու մասին չի կարող խոսել, քանի որ վերջում ՍԴ–ն է որոշում կայացնելու և իր` ցանկացած կարծիք կլինի կանխակալ մոտեցում։
Անդրադառնալով ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու խնդրին` Գյուլումյանը հայտնեց, որ ինքը չի պատրաստվում դա անել և վաղաժամ թոշակի անցնել։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» սկսել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց։
Ինչ վերաբերում է ՍԴ-ն ներկայացրած Քոչարյանի դիմումներին, ապա դրանց քննությամբ ՍԴ–ն որոշել էր քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 4 հոդվածներին հակասող և անվավեր։